Weekends.am-ի այս հոդվածում ուզում ենք ներկայացնել մեր հետևորդներից մեկին, ով բացառիկ արվեստի է տիրապետում, քանի որ մեր հերոսները հենց մեր հետևորդներն են։

Այսպիսով՝ ծանոթացեք Հովսեփ Բարսեղյանի հետ, ով Հայաստանում, անգամ ողջ տարածաշրջանում միակն է,  ով զբաղվում է այս ոճի կերպարվեստով, խոսքը թելերով և մեխերով նկարելու մասին է։

 

Հարցազրույցը ստորև՝

 

1․Ինչպե՞ս առաջացավ թելերով և մեխերով նկարելու գաղափարը։

 

1․Այս գաղափարը առաջացավ առաջինը նկարելու  հանդեպ անտարբեր չլինելու պատճառով, և ես փորձեցի տարբերվել, ինչու չէ, նաև զարմացնել։ Ես նկարելուն նայեցի այլ տեսանկյունից, և արեցի այն, ինչը որ սովորական չէ կերպարվեստի բնագավառում։ Մի  փոքր էլ երևի օգնեց իմ կրեատիվ լինելը։

 

2․ Ինչպե՞ս հոբբին դարձավ աշխատանք

 

2․ Սկզբում ես զուտ անում էի՝ փորձելով ինքս ինձ, թե արդյոք կկարողանամ դիմանկար նկարել մեխերով, և իմ համառության ու ձգտումի շնորհիվ կարողացա դա անել մոտ 2 տարում։ Ես ցանկացա իմ հոբբիի մի մասնիկը փոխանցել մարդկանց՝ պատվերներ ընդունելով, և դա էլ դարձավ աշխատանք։

 

3․Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում

 

3․Կասեմ կարճ․ ինձ ոգեշնչում է մարդկանց զարմացած և հիացկոտ հայացքը՝ ուղղված ինձ։ Եվ իմ նկարների միջոցով ես նվիրում եմ մարդկանց ուրախ հիշողություններ, այսինքն ֆիքսված ուրախ պահը վերհիշելու հնարավորություն եմ տալիս իմ ոճով։

 

4․Պարտավորեցնո՞ղ է Հայաստանում լինել միակը Ձեր բնագավառում։

 

4․ Հայաստանում չկա այս ոճի կերպարվեստի ուսուցանում և երևի ամբողջ աշխարհում էլ չկա, կարծում եմ չլինելուց է այնպես ստացվել, որ միայն ես եմ զբաղվում այս գործով։ Կան մարդիկ, որ սիրողական զբաղվում են, ես ուրախ կլինեմ, որ իմ աշխատանքներով որևէ մեկին ոգեշնչեմ։

 

5․Կխոսե՞ք ապագա ծրագրերի մասին

 

5․Մոտ ապագայում ունեմ մի քանի ծրագրեր, որոնք շատ տարբեր են, դրանցից մեկը ուսուցանելն է, քանի որ արդեն կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են իմ աշխատանքներով։

 

Դե ինչ, մենք հաջողություն ենք մաղթում Հովսեփին և առաջարկում ծանոթանալ  նրա յուրահատուկ գործերին՝ դիտելով այս ֆոտոշարքը։