Պատմում է Գարիկ Ավետիսյանը

 

 

Հայաստանի ցանկացած մարզ կամ քաղաք ունի իր պատմությունն ու ավանդապատումները, բարքերը, սովորույթներն ու տեսարժան վայրերը: Հարկ է նշել այն փաստն, որ ցավոք տարիների ընթացքում դրանք հիմնականում մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից: Սրանց հիմնական աղբյուր են հանդիսանում մեր ու օտարազգի պատմիչների, գրողների, ճանապարհորդների կողմից թողած հուշերը և աշխատություններն, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի ավագ սերնդի պատմությունները, ի վերջո վիմագիր արձանագրությունները, տարիների ընթացքում կատարված բազմաթիվ ուսումնասիրությունները: Հնագույն ժամանակների հայոց պատմությունն ուսումնասիրելու համար լավագույն աղբյուր է հանդիսանում հայ քերթողահայր, պատմաբան Մովսես Խորենացու Հայոց պատմություն աշխատությունը:Համախմբելով այս ամենն, ես ցանկանում եմ պատմել  Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ ու պատմությունով հարուստ վայրերից մեկի՝ Աղավնատուն գյուղի մասին:

Այսպիսով  Աղավնատուն, գյուղը գտնվում է  Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի շրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։ Բնակիչների մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ,  բանջարաբուծությամբ,  հացահատիկի  մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Աղավնատուն գյուղից հյուսիս-արևմուտք կան տուֆի և բազա-լտի հանքավայրեր։Աղավնատունը մարզի հայտնի բնակավայրերից է, որն ունի պատմական հարուստ ավանդույթներ: Գյուղը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, որի խոսուն արտահայտությունն է պահպանված բազմաթիվ հուշարձանները: Համաձայն ժողովրդական ավանդության` գյուղի անունը կապվում է ջրհեղեղից հետո Նոյ նահապետի կողմից արձակված աղավնու հետ: Շրջելով գյուղով կարելի է նկատել, որ այստեղ և նրա շրջակայքում կան զանազան հնություններ։Այսպիսով՝գյուղի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ, ինչպես նաև հայտնաբերվել են մ.թ.ա. IV-III հազարամյակներին վերաբերվող աշխատանքային գործիքներ՝ քարե կացիններ և մուրճեր, աղորիքներ, քերիչներ, կենցաղային զանազան իրեր և նյութական մշակույթի այլ առարկաներ: Հայտնաբերվել են նաև երկաթից ու բրոնզից պատրաստված զանազան կենցաղային առարկաներ:

Գյուղի հուշարձաններն այնքան արժեքավոր են, որ գրավել են ճարտարապետության պատմության նշանավոր տեսաբան Թորոս Թորամանյանի ուշադրությունը: Ամենահին հուշարձաններից մեկը բերդ-ամրոցն է, որը Թորամանյանի վկայությամբ ունեցել է հեթանոսական ծագում: Հետագայում բերդի տարածքում, հավանաբար Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում, պարսպապատին կից կառուցվել է քրիստոնեական եկեղեցի, որի կողքին տեղադրված է մեծ չափերի մի խաչքար:

Գյուղի շրջակայքի նշանավոր և առավել լավ պահպանված հուշարձաններից է իշխանական դամբարանը, որն անվանում են «Գումբազ»: Այն կառուցվել է սրբատաշ քարից (XIII-XIV դդ.), ունի բավականին մեծ չափեր (մոտ 8մ բարձրություն, 4մ տրամագիծ, 12մ շրջանագիծ): Դամբարանի շրջակայքում եղած տապանաքարերը ժամանակի ընթացքում գրեթե վերացել են:Գյուղի այգիների տարածքում է գտնվում «Կարմրավոր» սրբավայրը, որը հարակից գերեզմանոցի հետ շրջափակված է 1-1,5 մ բարձրությամբ պարսպով:Աղավնատան գործող գերեզմանոցի հարակից տարածքում են գտնվում Ս. Կարապետ եկեղեցու ավերակները, որի շուրջը պահպանվել են բազմաթիվ քանդակված քարաբեկորներ և խաչքար: Դեպի արևմուտք կան բերդ-ամրոցի ավերակներ։ Կան նաև Սուրբ Գևորգ, Մարիամ Աստվածածին (10-րդ դար) և «Ծիրանավոր» (14-րդ դար) եկեղեցիների ավերակները, հարավ-արևմուտք` 13-րդ դարի բավական պահպանված իշխանական մատուռ-դամբարան:

Աղավնատանի շրջակայքում են գտնվում նաև Սուրբ Կարապետ, «Կարմրավոր» եկեղեցիների և կիկլոպյան ամրոցի ավերակները։Սուրբ Մարիամ Աստվածածինը սկզբում կոչվել է Ս. Գևորգ:Պատմական հանգամանքների բերումով կաթողիկոսական աթոռը տեղափոխվեց Կիլիկիա և միայն թգավաորության անկումից հետո (1375 թ.) օրակարգային հարց դարձավ կաթողիկոսական աթոռը մայր հայրենիք տեղափոխելու խնդիրը: Եվ մոտավորապես 6 տասնամյակ հետո (1441թ.) կաթողիկոսական աթոռը վերահաստատվեց Էջմիածնում: Այդ իրադարձության կապակցությամբ Գրիգոր Ժ Ջալալբեկենաց կաթողիկոսը գնում և Մայր Աթոռին է նվիրաբերում է 7 գյուղ: Այդ գյուղերի թվում հիշատակվում է նաև Աղավնատունը:1604թ. Շահ Աբասի հայտնի արշավանքից հետո, Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղերի բնակչության հետ, բռնի կերպով տեղահանվածների թվում էին նաև Աղավնատուն գյուղի բնակիչները: Եվ միայն երկու դար անց` 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայում ստորագրված պայմանագրի համաձայն, Խոյից գաղթած հայկական ընտանիքները (29 տնտեսություն) վերահաստատվեցին Աղավնատուն գյուղում:Գյուղի նորագույն հուշարձանն է համարվում Սուրբ Աննա եկեղեցին, որը բացվել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ին։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը Արմավիրի թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։

Եկեղեցու օծմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար՝ մոսկվաբնակ Վահան Ավագյանը՝ իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապետ Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ, բազմաթիվ ուխտավորներ։2012 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ կատարվել է «Դռնբացէքի» արարողություն և օծվել են եկեղեցու 12 սյուները։ Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծել է Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները՝ չորս Ավետարանիչների անուններով, և Մկրտության ավազանը։Եկեղեցու բակում տեղադրվել են 17 խաչքարեր, որոնց հեղինակը քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է (սրանք նա ստեղծել է որդու և եղբայրների հետ)։Եկեղեցին կառուցվել է  բարերար Վահան Ավագյանի կողմից։ Եկեղեցու շինարարն է Գագիկ Գրիգորյանը։

 

 

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի