Պատմում է Մարթա Ասատրյանը

 

Հաշվի առնելով այն փաստը, որ գարնանային գիշերահավասարից հետո ցերեկները երկարում են, կարելի է այսպիսի երթուղիներ մշակել:

 

Այսպիսով, մենք շարժվել ենք 08:30 ին Բաբաջանյան պողոտայից:

 

09:50-ին արդեն Հայրիվանքում էինք: Այստեղ նախատեսվածից երկար մնացինք՝ մոտ մեկ ժամ (նախաճաշ, շրջայց վանքում, լուսանկարներ):

 

11:30` Մադինա գյուղ: Տեղանքի ուսումնասիրում, քայլք դեպի ստորոտ: Լեռը Մադինայից բարձրանալու համար հարկավոր է գնալ մինչև գյուղի վերջը: Մեքենայի ճանապարհը, որը անընդհատ աջ է տանում, ուղեկցում է մինչև գագաթ:

 

11:50` վերելքի մեկնարկ: Սարը բարձրանալու երկու ճանապարհ կա.

 

  • կոնի թեք լանջով, որը բավականին դժվար է, բայց ավելի կարճ
  • մեքենայի ճանապարհով. ուղիղ ճանապարհ է՝ մարգագետիններով, քայքի համար մատչելի

Վերելքը տևեց 3 ժամ: Ընթացքում նստոտել ենք, հանգստացել, զուցել, նկարվել:

 

15:05 արդեն գագաթին էինք: Մեկ ժամի չափ նստել ենք, հիացել տեսարանով, զրուցել:

 

18:10՝ ստորոտին ենք: Իջել ենք նույն ճանապարհով, առանց շեղվելու, թեքվելու: Ճանապարհը շատ լավ ուղեկցում է ու կորելու հավանականությունը շատ քիչ է:

 

Մոտ կես ժամ Սևանի ափին ենք անց կացրել, ընթրել:

 

20:30՝  Երևանում ենք:

 

Շուրջ 12 ժամ տևողությամբ բարձունքի հաղթահարում, քայլարշավ: Մայիսին ամբողջ բնաշխարհը ծաղկման մեջ է, շուրջբոլորը կանաչ, ձնաբծերի հետքերի մոտ հանդիպում էին ձնծաղիկները: Մի քանի տեղ հանդիպեցինք նաև բանջար հավաքող կանանց: Դեղաբույսերի մասնագետների համար էլ ողջ ճանապարհը ուսումնական է:

 

Հայրենագիտություն

 

  • Սևանա լիճ
  • Հայրիվանք
  • Արգիճի գետ
  • Արմաղան գագաթ, խառնարանային լիճ
  • Մադինա գյուղ

Հայրիվանքից դեպի Մադինա գյուղ գնացող ճանապարհին կա բենզալցակայան, որտեղ կարելի է օգտվել սանհանգույցից: Ճանապարհի այլ հատվածներում սանհանգույց չկա:

 

Այսքանը՝ որպես ուղեցույց: