Պատմում է Գարիկ Ավետիսյանը

 

 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996    թվականին:

Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար) , Օհանավանքը (5-8-րդ դար), Շենիկի (5-7-րդ դար) , Մաստարայի (6-րդ դար) , Գառնա հովիտի (6-7րդ դար), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դար) , Թեղենյաց վանքը (7-13-րդ դար) , Աշտարակի կամուրջը (17-րդ դար)։ Մինչեւ այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասախից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին:

Աղձքում է գտվում Արշակունի արքաների տոհմական դամբարանը: Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում եւ այլուր: Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում, 5-րդ դարի եկեղեցում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:

Այսպիսով՝ բացահայտելով հերթական մարզը, այս անգամ որոշեցի ներկայացնել Արագածոտնի մարզում գտնվող տառերի պուրակը: Սա մի յուրահատուկ վայր է՝ մեզ տեղափոխելով գիտության ու քաղաքակրթության հեռավոր անցյալ:

Հայոց այբուբենի հուշարձանը, հուշարձան է  Արագածոտնի մարզի  Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Քանդակագործական այս շքեղ աշխատանքը գտնվում է անմիջապես բաց երկնքի տակ և ներառում է 39 տառերի զարդաքանդակներ։ Համալիրի բոլոր տարրերը քանդակվել են տուֆից: Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանի ստեղծմանը մասնակցել են Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած մասնագետներ: Հուշարձանը զբոսաշրջիկների կողմից սիրված վայրերից է:

Գրեթե ամեն հայ այցելում է այս հրաշք հուշարձանը և պարտադիր լուսանկարվում է իր անվան առաջին տառով։Գաղափարի հեղինակն է Նիգ Ապարան հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը,իսկ ճարտարապետն է Ֆրեդ Աֆրիկյանը:

Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։«Գրիգոր Լուսավորիչ»,«Գրերի արարումը, 405»,«Մովսես Խորենացի»,«Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան).«Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։

Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են: «Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։«Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան)):Նշենք.որ Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ. և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար։ Այն մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը։ Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է Միջին դարերում։

 

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Գոհար Գրիգորյանի