Պատմում է Մարթա Ասատրյանը

Քաղաքային կենտրոններում պատմական միջավայրի պահպանումն ու զարգացումը ամենակարևոր և հրատապ խնդիրներից են: Պատմական կենտրոնների արդի հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել հաշվի չառնելով քաղաքաշինարարական առաջավոր փորձը: XX դարի երկրորդ կեսը  քաղաքների զարգացման և աճի ժամանակաշրջան է: Քաղաքային միջավայրը վերափոխելու գործընթացում առաջացած փոփոխություններն ու խնդիրների շրջանակը հիմնականում նման են ժամանակակից խնդիրներին: Հետպատերազմյան շրջանի վերակառուցողական տեսության և պրակտիկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հետևել այս ոլորտում կիրառվող մոտեցումների և սկզբունքների էվոլյուցիային, ինչպես նաև փոխել վերաբերմունքը պատմական և ճարտարապետական ​​ժառանգության արժեքային համակարգի նկատմամբ:

Եվրոպական տարբեր քաղաքներում եմ եղել և հիացել քաղաքաշինության օրինակներով, որոնք յուրահատուկ և բազմազան են իրենց մոտեցումներով, լուծումներով: Երբ այցելում ես պատմական անցյալ ունեցող երկրներ, զբոսաշրջային դասական ցանկում անպայման հին քաղաք այցելությունն ես ներառում: Հետաքրքիր է տեսնել այդ երկրի համար պատմական արժեք հանդիսացող վայրերը՝ նոր լուծումներով, ժամանակակից մոտեցումներով մատուցված:

Եկեք ձեզ տանեմ իմ այցելած հին քաղաքներ, պատմեմ դրանց մասին, խոսեմ իմ զգացողություններից:

 

Հռոդոս՝ Երկու ծովերի տիրակալը

Ճամփորդությունը սկսենք արևոտ Հռոդոսից: Հին, միջնադարյան Հռոդոսը համաշխարհային նշանակության մշակութային կենտրոններից է: Քաղաքը նման է բաց երկնքի տակ թանգարանի. յուրաքանչյուր փողոց, հրապարակ կամ շենք ունի հնագույն մի պատմություն:

Հռոդոսը լավագույնս պահպանված եվրոպական միջնադարյան բերդաքաղաքներից է: Ամրոցն էլ Էգեյան ծովի ափին տեղակայված հենց հայտնի Հին քաղաքն է, որը բաժանված է մի քանի մասի՝ Մեծագույն Մագիստրոսների պալատ և  թանգարան, հսկա ժամացուցի աշտարակի տարածք, նավահանգիստ և եղջերուների արձաններ, սուրբ Նիկոլայի բերդ և քամու հողմակներ: Հին քաղաքում ամենուր պահպանված է նույն ոճը՝ միջնադարի շունչը նորովի ներկայացված:

Պատերից ներս մոտ երկու հարյուր փոքր փողոցներ են՝ առանց անվանման, որոնք սարդոստայնի պես ընդլայնվում են կենտրոնական փողոցներից՝ ինչպիսիք են Սոկրատի  կամ Խաչակիրների փողոցը ու ձգվում դեպի նավահանգիստ: Ամենուր փոքրիկ խանութներ են, ազգային կոլորիտը ներկայացնող վաճառասեղաններ,բացօթյա սրճարաններ:

Քաղաքում ամենուր պատմություն է, մշակույթ, որը պահպանված է առանց ավելորդ ճոխության. պարզ ու աչքի համար գրավիչ: Մենք քայլում էինք փողոցից փողոց՝ հմայվում, նկարվում, ուսումնասիրում՝ զգալով պատմության շունչը, հունական Աստվածների ներկայությունը:

Բուդվան և Կոտորը՝ Ադրիատիկի մարգարիտ

Բուդվան Մոնտենեգրոյի ամենահայտնի քաղաքն է, որը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների իր ծովափերով:Բացի Ադրիատիկի լողափերից, Բուդվան հայտնի է նաև Հին քաղաքով:

Բուդվայի պատմական հատվածը շատ փոքր է, ինչպես նաև վերականգնվել է երկրաշարժից հետո: Բուդվայի խորհրդանիշը երկու միաձուլված ձկներն են: Ըստ լեգենդի, ժամանակին՝ շատ վաղուց, երիտասարդ սիրահարներ էին ապրում Բուդվայում ՝ գեղեցիկ Ելենան և որմնադիր Մարկո Միտրովան:

Ելենայի հարուստ հայրը չէր ցանկանում դստերը հանձնել աղքատ քարտաշին: Սիրահարները, իրարից բաժանվելու վախից, ձեռք ձեռքի բռնած հին քաղաքի պարիսպից նետվեցին ալեկոծվող ծովը: Ջրին հպվելուն պես նրանք վերածվեցին երկու գեղեցիկ ձկների և այլևս երբեք չբաժանվեցին: Ինքնասպանության  ու դրան հաջորդած հրաշքի ականատեսներն ասում էին. «Թող երկուսը մեկ դառնան» (Ko jedno nek budu dva): Այսպիսով, ըստ լեգենդի,  քաղաքը կոչվեց Բուդվա:

Բուդվան հայտնի է իր կղմինդրե միագույն տանիքներով: Այստեղ շատ չեն պատմական հուշարձանները, բայց շատ են նեղլիկ փողոցները, ինքնատիպ պատմական-ճարտարապետական լուծումներով: Այստեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Բուդվայի ծոց և ժայռոտ Լավչեկի լեռներ:

Կոտորը Չեռնոգորիայի ամենահետաքրքիր քաղաքն է պատմական տեսարժան վայրերի սիրահարների համար: Կոտորում, Հին քաղաքը, որը կառուցվել է Վենետիկյան ճարտարապետների կողմից և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, լավ պահպանված է և շատ գրավիչ: Ավելին, Մոնտենեգրոյի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցված հուշարձանների կեսը գտնվում է հենց Կոտորում: Միայն  Սուրբ Հովհաննեսի ամրոցն արդեն  պատմական մեծ արժեք է ներկայացնում:

Այն գտնվում է քաղաքից երկու հարյուր մետր բարձրության վրա և պատված է չորս կմ երկարությամբ պարսպով: Ժայռերի միջից բացվող ծոցը Կոտորի դիրքը դարձնում է աննկարագրելի  շքեղ է: Կոտորի հին քաղաքը բավականին գեղեցիկ է՝ հինը նորովի պահպանած: Առաջին հայացքից Կոտորը աչքի չի ընկնում ճարտարապետական գլուխգործոցներով, բայց մի քիչ առաջ քայլելով տեսնում ես փողոցները  ողջ մանրամասներով:

Լուծումների անսպասելիությունը, համադրությունները, ճաշակը գրավում է ցանկացած զբոսաշրջիկի:

Վարշավայի գույնզգույն հրապարակը

Վարշավայի Հին քաղաքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «որպես բացառիկ օրինակ` 13-20 դարերի պատմական շրջանի գրեթե ամբողջական վերականգնման համար »:

Վարշավայի հին քաղաքը փոքր թաղամաս է՝ պատմական ճարտարապետության կոմպակտ համալիր, հիմնականում 17-18-րդ դարերի, շենքերի միջնադարյան հատակագծով, որոնք մասամբ շրջապատված են 14-16-րդ դարերի պաշտպանական պատերով: Չնայած իր համեստ չափսին, Վարշավայի Հին քաղաքը շատ հարմարավետ և գունագեղ է:Ցածրահարկ շենքերն այնքան պայծառ են, որ երբեմն թվում է, որ կարող ես անվերջ հիանալ:Հին քաղաքի կենտրոնը շուկայի հրապարակն է,որտեղ գտնվում են խանութներ, ռեստորաններ և սրճարաններ:

Վարշավայի պատմական կենտրոնի մանրակրկիտ վերականգնումը սկսվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: Վերակառուցման ժամանակ փորձել են պահպանել բոլոր դետալները, որոնք կամբողջացնեին հին քաղաքի տեսքը:

 

Հին քաղաքները (Old town) կոլորիտային են, հնի ու նորի համադրությամբ, ունեն պատմական արժեք, յուրաքանչյուրն ունի իր դեմքը, զբոսաշրջային կենտրոններ են՝ սրճարաններով, հուշանվերների խանութներով, իրար լրացնող դետալներով: