Ուզում եմ կիսվել մի գաղափարով. երազանքի ճամփորդություն

Պատմում է Մարիամ Սեդրակյանը

 

Օրեր առաջ կարդացի, որ չինարենում «ճգնաժամ» բառը ունի 2 նշանակություն` «վտանգ» և «հնարավորություն»: Միանգամից հասկացա, որ այժմյան այն իրավիճակը, որում գտնվում է ողջ աշխարհը` ոչ այլ ինչ է, քան ճգնաժամ: Չէ~ չէ~, մի’ շտապեք մտածել, որ արդեն առօրյայի մի մաս կազմող թեմաներից եմ սկսելու խոսել ու հիշեցնելու եմ բոլորիս այն, ինչը չի էլ ստացվում մոռանալ: Ամենևին: Ուզում եմ միայն կիսվել մի գաղափարով, որը առաջացավ հենց այդ երկու բառերը կարդալուց: Մենք հաճախ ենք խոսում այն մասին, թե ինչ ենք արել կամ պատրաստվում անել: Սակայն ներկայիս իրավիճակում դժվար է պլանավորել, թե ինչ պետք է անել, (ճանապարհորդելու տեսանկյունից) քանի որ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, իսկ ազատ ժամանակը կարանտինային պայմաններում տալիս է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ճանփորդության տեսակը փոխելու` պատմելու այն վայրի մասին, որտեղ չենք եղել: Դե իհարկե տարօրինակ է հնչում, ինչպես կարող ենք պատմել, եթե չենք եղել այդ վայրում:

Ասեմ`զգացողություններով: Ես այն մարդկանցից եմ, ում անձնագիրը գրեթե դատարկ է արտերկրների այցերի կնիքով, սակայն այնքան շատ են այն վայրերը, որոնց մասին երազում եմ ու ցանկանում լինել այնտեղ: Ինձ համար այդ վայրերից մեկը Մանարոլա քաղաքն է: Այն գտնվում է Իտալիայում, իր տեսքը շատ համապատասխան է անվանը: Քաղաքի անունը լատիրներեն «Manium Arula» բառերից է առաջացել, ինչն էլ նշանակում է փոքր խորան: Ինչպես հասկացա իր դիրքը թույլ չի տալիս ունենալ լողափերի լայն ընտրանի, սակայն այն անմիջապես ծովի վրա է` կարծես մեծ ժայռին սփռված: Այստեղ կարելի է ասել «Այսքան մոտ, բայց այսքան հեռու»:

Քաղաքի լուսանկարները թերթելիս, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այն համակարգչային գրաֆիկայով է հավաքված․ հեքիաթային են շենքերը ու տները, հիացնում են փողոցները: Այսքանը կասեմ քաղաքի մասին և չեմ ուզում գրել մի բան, ինչը ինքս եմ կարդալու այլ աղբյուրից: Չէ որ գաղափարը` զգացումներ փոխանցելու մեջ է: Սակայն շտապեմ հայտնել, որ քաղաքը հարուստ է զբոսաշրջիկներին հիացնելու վայրերով ու պատմությամբ: Երբ օրեր շարունակ ուսումնասիրում էի քաղաքը` ունեցել եմ զգացում, որ գտնվել եմ այնտեղ: Հուսամ, որ կլինեն էլի մարդիկ, ովքեր կկիսվեն իրենց երազանքների ճամփորդությամբ: Չէ որ դա շատ զվարճալի է: Նախընտրելի է նաև` ստացած զգացողւթյունների ծնունդով: Կստացվի մշակութային ճամփորդություն երազանքների ու ստեղծագործության տոմսով:

Ես իմ զգացողությունները փոխանցեցի նաև վրձնի միջոցով․․․

 

 

 

No Comments Հետաքրքիր

Չեմ ուզում ընկճված տեսնել Իտալիան, իրեն դա չի սազում…վիրտուալ ճամփորդություն

Պատմում է Ֆելիքս Եղիազարյանը

Համոզված եմ՝ հիմա շատերը կուզենային զբոսնել Միլանի նորաձև փողոցներով, զգալ գլադիատորների և կայսրերի ոգին Հռոմում, օրորվել Վենեցիայի ջրային տրասպորտում, զգալ Աստծո ներկայությունը Վատիկանում։ Սակայն հիմա, այս ամենը չեն կարող անել նույնիսկ տեղացիները։

Երբ ցույց են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում Իտալիան այս պահին, ես ուղղակի փակում եմ աչքերս և հիշում իմ՝ այնտեղ ունեցած պահերն ու ժամերը։
Ես այն մարդկանց ցուցակում եմ, ովքեր տեսել են Իտալիան համաճարակից առաջ, իր ողջ հմայքով և տրամադրությամբ։
Իմ տպավորություններով կփորձեմ տեղափոխել ձեզ Եվրոպական մշակույթի էպիկենտրոններից մեկի՝ Իտալիայի փողոցներ։


Ուսումնասիրելով երկրի պատմությունը՝ չի կարելի ասել, որ իր անցած ուղին հեշտ է եղել։ Իտալիան եղել է Եվրոպայի առաջին հզոր պետությունը՝ Հռոմեական կայսրություն, որը ճանաչել են բոլորը։ Պատմությունն իր ձեռագիրը թողել է երկրի ճարտարապետության վրա՝ հնավոճ քաղաքները, նեղ փողոցները և ահռելի ճոխություն ունեցող հսկա ամրոցները։ Ի դեպ, Իտալիայում քաղաքի և կայսրության հզորությունը չափել են քաղաքի աշտարակի բարձրությամբ, այդ պատճառով բոլոր, նույնիսկ փոքր, քաղաքներում կարող եք տեսնել աշտարակ։ Իտալական քաղաքներից յուրաքանչյուրն ունի պատմություն, մի թանգարան է՝ խենթության հասցնող ճարտարապետական լուծումներով:

Ես հիացած եմ Ֆլորենցիայով: Ֆլորենցիայում չես գտնի բարձրահարկ շենքեր, նորավոճ դիզայնով, այստեղ ամեն բան պահպանում են այնպես ինչպես եղել է, իսկ եթե նոր բան են կառուցում, ապա այն անպայման կրում է ինչ-որ հայտնի ֆլորենտացու անուն։ Այս քաղաք թանգարանը Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է, հիմնադրվել է մ․թ․ա 59 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից։ Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդա դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելլին, Դանթեն և Գալիլեյը։ Այստեղ ամենուր ուղեկցում են երաժիշտները, ովքեր ավելի են ընդգծում Ֆլորենցիայի մշակութային դիմագծերը։ Ֆլորենցիայում կարելի է գնել գինի ու իհարկե անպայման փորձել պաղպաղակ։

Առնո գետը քաղաքը բաժանում է երկու մասի, հենց գետի վրա է գտնվում Պոնտե Վեկկիոն: Երբևէ տեսե՞լ եք կամուրջ, որի վրա բնակարաններ լինեն կառուցված, եթե ոչ, ապա Պոնտե Վեկկիոն հենց դրանով է հայտնի, ու նաև նրանով, որ այս կամրջի վրայով շատ պատերազմներ են անցել։

Քաղաքների հմայքից զատ, ինձ շատ հետաքրքիր ու հաճելի էր մարդկանց շփումը և վերաբերմունքը, որից ես ուղղակի հիացած եմ։ Մարդկանց մեջ չկա կոպտություն և չարություն։ Ցանկացած վայրում տեղացիների հետ շփվելիս միայն ժպիտ ու դրական լիցքեր էի ստանում՝ անկախ նրանից զբոսաշրջիկ ես, թե տեղացի։
Ու հիմա ամենացավալին հենց սա է, որ մարդիկ լինելով այդքան մարդամոտ, ջերմ շփվում են իրար հետ հեռվից։


Հուսով եմ այս վիճակը երկար չի տևի, և շատ մարդիկ կկարողանան ճամփորդել դեպի իրենց սիրած երկներ ու քաղաքներ: Իսկ ես Իտալիայում կլինեմ իմ մասնագիտության հետքերով…
Չեմ ուզում ընկճված տեսնել Իտալիան, իրեն դա չի սազում։

No Comments Աշխարհի շուրջ

Ճամփորդեք ինձ հետ արևոտ Իտալիայում կամ Իտալիան կորոնավիրուսից առաջ

Պատմում է Անիչկա Միքայելյանը

Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ ճամփորդեք ինձ հետ վիրտուալ։ Այսօր ձեզ կուղեկցեմ դեպի զարմանահրաշ Իտալիա։ Բառերն այնքան քիչ են բնութագրելու Իտալիայի գեղեցկությունը։ Էներգիայով լի երկիր, ուր չայցելելը՝ կարծում եմ մեծ բացթողում կլինի յուրաքանչյուրի կողմից։

Իտալիան մի երկիր է, որը հարուստ է գյուղատնտեսությամբ, արվեստով, ճարտարապետությամբ և հատկապես սննդով:

 

 

Իտալիան չորրորդ ամենամեծ տուրիզմի կենտրոնն է, հինգերորդ ամենաշատ այցելվող երկիրը: Այն ունի բազմաթիվ լեռներ և ունի շատ հարթավայրեր: Հետևաբար այն նման է անապատի՝ տաք և չոր:

Իտալիայի հարստությունը՝ Միջերկրական ծովն է՝ ջինջ և մաքուր, ուր երեկոյան հաճախ էի այցելում և հիանում մայրամուտով։

 

Սրճարանները միշտ լի էին երջանիկ իտալացիներով և շատ հետաքրքրասեր զբոսաշրջիկներով:

Փողոցները միշտ ճահճացած էին մոտոցիկլետներով և մեքենաներով: Չնայած, որ փոխադրման հիմնական ճանապարհը մեքենաներն էին, իտալացիները նույնպես շրջում էին իրենց շարժանիվներով:

 

Իմ ճամփորդության նշանակետերն էին Բարին և Բրինդիզին՝ արևոտ նավահանգիստներ, Իտալիայի հարավում՝ Ադրիատիկ ծովի ափին։

Ձեզ համար առանձնացրել եմ մի քանի խոշոր տուրիստական քաղաքներ, որոնք իրենց հմայքով գրավել են իմ սիրտը։

1․ Ալբերոբելո (իտալ.՝ Alberobello) համայնք է իտալական Ապուլիա մարզի Բարի գավառում։ Բնակչությունը կազմում է 10 930 մարդ։ Զբաղեցրած տարածքը 40 կմ² է։ Բնակավայրի հովանավորները համարվում են Կոսման և Դիանան։ Տոնը տարվա ընթացքում տոնվում է սեպտեմբերի 27-ին։

 

2․Պոլինյանո ա Մարե, Բյուրեղային մաքուր ծով, գեղատեսիլ ժայռեր և բնական ծագման հրաշալի քարանձավներ։ Այս ամենը Պոլինյանո ա Մարե— ն է, որը կոչվում է «Ադրիատիկի մարգարիտ», որը գտնվում է Բարիից 30 կմ հեռավորության վրա:

3․Մոնոպոլի, Ապուլիայի շրջանի գեղեցիկ հին նավահանգստային քաղաքը, որը հայտնի է միջնադարյան եկեղեցիներով և Ադրիատիկի գագաթին բարձրացող ամրոցներով: Եվ պայծառ կապույտ ձկնորսական նավակները պայծառ գույներ են ավելացնում այս քաղաքի գեղատեսիլ տեսքին:

4.Օստունի, Ապուլիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկը `Օստունին հայտնի է որպես Սպիտակ քաղաք` շնորհիվ սպիտակ տների լիարժեքության: Քաղաքը առանձնանում է նաև իր լաբիրինթոսային փողոցներով, տաճարներով և հնագույն պաշտպանական պատերով:

Եթե այցելածս քաղաքների մասին շարունակեմ պատմել, կարծում եմ, շարքն այսօր չեմ ավարտի։

Ահա այսպիսի երկիր է Իտալիան՝ լուսավոր և գունեղ։

Իսկ ձեզ՝ սիրելի ընկերներ, ցանկանում եմ անմոռանալի ճամփորդություններ, քանզի աշխարհը գիրք է, և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, կարդում են դրա միայն մեկ էջը: Ճամփորդե՛ք և դարձեք այդ գրքի պատմությունների մի մասը:

 

 

No Comments Աշխարհի շուրջ
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին