Իտալիան ուղղակի երազանքների երկիր է․ վիրտուալ ճամփորդություն

Պատմում Է Նանե Խալաթյանը

 

Նախորդ ամառն ինձ մոտ չափից ավելի հագեցած էր։ Տանը գրեթե երկու շաբաթ եմ եղել, մնացած ամբողջ ժամանակվա ընթացքում ճամփորդում էի։ Ճամփորդելը զգացմունքների տեղատարափ է, ամենալավ ձևն է առօրյայից կտրվելու համար։

Այդ ամառ ինձ դաշնամուրը հասցրել էր Իտալիա։ Իտալիա էի մեկնել վարպետաց դասերի և համերգների համար։ Իմ այդ ժամանակահատվածի զգացմունքները ուղղակի աննկարագրելի են, ես չեմ կարող ճիշտ բառեր գտնել, այդ հրաշալի զգացմունքներն արտահայտելու համար։ Իտալիան  մի նոր շունչ հաղորդեց ինձ, և ոգեշնչեց անել ավելին, քան երբևէ կպատկերացնեի։ Այնքան հագեցած, ուրախ և արդյունավետ ժամանակ եմ անցկացրել այնտեղ, որ կյանքում չեմ կարող փոխարինել որևէ այլ բանով։ Իտալիան ուղղակի երազանքների երկիր է, ճիշտ է շատ շոգ էր, բայց հիացմունքն այնքան շատ էր, որ ոչինչ չէր կարող խանգարել վայելելուն։

 

 

Մենք բնակվել էինք մի փոքրիկ քաղաքում, Բրեշիա անունով։ Այդ քաղաքը, իմ երազանքների քաղաքին շատ մոտ էր։ Ամեն ինչը փոքր, կոկիկ։ Մարդիկ ժպտերես և բարեհամբույր։ Ինձ այդ քաղաքի մթնոլորտը շատ դուր եկավ, և սրտիս մոտ էր։

Այն ակադեմիան, որտեղ անցկացվում էին վարպետաց դասերը, ուղղակի երաժշտի իդեալն էր։ Իսկապես ոգեշնչվելու և ավելիին ձգտելու տեսարան, միջավայր։ Երբ ներս եք մտնում, մի փոքրիկ պարտեզ է բացվում աչքերի առաջ, և չորս կողմից պարապելու սենյակներն էին։ Արդեն հեռվից լսվում էր նվագի ձայնը։ Եվ այդ ամենը լինում էր առավոտյան ժամը 7-ից։ Ա՜խ այդ հիանալի առավոտները, որ սկսում էի փոքրիկ զբոսանքով և շարունակում սիրածս գործն անելով։

 

 

Տեսանք նաև Վենետիկը, Վերոնան, Միլանը, որոնք նույնպես շատ տպավորիչ էին, սակայն Բրեշիան ինձ շատ հարազատ էր։ Վենետիկը շա՜տ հետաքրքիր էր սկզբում, քանի որ ինչպես գիտեք, շատ է տարբերվում սովորական, եվրոպական քաղաքներից, բայց ինձ համար 1 ժամից արդեն ամեն ինչ ծանոթ էր թվում։

Վերոնան ունի հրաշալի տեսարաններ, ուղղակի չքնաղ տեսարաններ։ Այցելեցինք մի այգի, որի մասին շատ քչերը գիտեին, այդ պատճառով շատ խաղաղ էր։ Այգին հսկայական տարածք էր, որը պատկանում էր Ջիուստիների ընտանիքին, ովքեր բազմաթիվ այլ այգիներ ունեին։

 

 

Միլանը հանրահայտ առևտրի կենտրոն է, և ճիշտն ասած այդքան էլ հիացած չէի։ Բայց ուներ նաև արվեստի հանրահայտ ստեղծագործություններ, որոնցից մեկը Դուոմոյի տաճարն է։

 

 

 

No Comments Աշխարհի շուրջ

Չեմ ուզում ընկճված տեսնել Իտալիան, իրեն դա չի սազում…վիրտուալ ճամփորդություն

Պատմում է Ֆելիքս Եղիազարյանը

Համոզված եմ՝ հիմա շատերը կուզենային զբոսնել Միլանի նորաձև փողոցներով, զգալ գլադիատորների և կայսրերի ոգին Հռոմում, օրորվել Վենեցիայի ջրային տրասպորտում, զգալ Աստծո ներկայությունը Վատիկանում։ Սակայն հիմա, այս ամենը չեն կարող անել նույնիսկ տեղացիները։

Երբ ցույց են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում Իտալիան այս պահին, ես ուղղակի փակում եմ աչքերս և հիշում իմ՝ այնտեղ ունեցած պահերն ու ժամերը։
Ես այն մարդկանց ցուցակում եմ, ովքեր տեսել են Իտալիան համաճարակից առաջ, իր ողջ հմայքով և տրամադրությամբ։
Իմ տպավորություններով կփորձեմ տեղափոխել ձեզ Եվրոպական մշակույթի էպիկենտրոններից մեկի՝ Իտալիայի փողոցներ։


Ուսումնասիրելով երկրի պատմությունը՝ չի կարելի ասել, որ իր անցած ուղին հեշտ է եղել։ Իտալիան եղել է Եվրոպայի առաջին հզոր պետությունը՝ Հռոմեական կայսրություն, որը ճանաչել են բոլորը։ Պատմությունն իր ձեռագիրը թողել է երկրի ճարտարապետության վրա՝ հնավոճ քաղաքները, նեղ փողոցները և ահռելի ճոխություն ունեցող հսկա ամրոցները։ Ի դեպ, Իտալիայում քաղաքի և կայսրության հզորությունը չափել են քաղաքի աշտարակի բարձրությամբ, այդ պատճառով բոլոր, նույնիսկ փոքր, քաղաքներում կարող եք տեսնել աշտարակ։ Իտալական քաղաքներից յուրաքանչյուրն ունի պատմություն, մի թանգարան է՝ խենթության հասցնող ճարտարապետական լուծումներով:

Ես հիացած եմ Ֆլորենցիայով: Ֆլորենցիայում չես գտնի բարձրահարկ շենքեր, նորավոճ դիզայնով, այստեղ ամեն բան պահպանում են այնպես ինչպես եղել է, իսկ եթե նոր բան են կառուցում, ապա այն անպայման կրում է ինչ-որ հայտնի ֆլորենտացու անուն։ Այս քաղաք թանգարանը Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է, հիմնադրվել է մ․թ․ա 59 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից։ Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդա դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելլին, Դանթեն և Գալիլեյը։ Այստեղ ամենուր ուղեկցում են երաժիշտները, ովքեր ավելի են ընդգծում Ֆլորենցիայի մշակութային դիմագծերը։ Ֆլորենցիայում կարելի է գնել գինի ու իհարկե անպայման փորձել պաղպաղակ։

Առնո գետը քաղաքը բաժանում է երկու մասի, հենց գետի վրա է գտնվում Պոնտե Վեկկիոն: Երբևէ տեսե՞լ եք կամուրջ, որի վրա բնակարաններ լինեն կառուցված, եթե ոչ, ապա Պոնտե Վեկկիոն հենց դրանով է հայտնի, ու նաև նրանով, որ այս կամրջի վրայով շատ պատերազմներ են անցել։

Քաղաքների հմայքից զատ, ինձ շատ հետաքրքիր ու հաճելի էր մարդկանց շփումը և վերաբերմունքը, որից ես ուղղակի հիացած եմ։ Մարդկանց մեջ չկա կոպտություն և չարություն։ Ցանկացած վայրում տեղացիների հետ շփվելիս միայն ժպիտ ու դրական լիցքեր էի ստանում՝ անկախ նրանից զբոսաշրջիկ ես, թե տեղացի։
Ու հիմա ամենացավալին հենց սա է, որ մարդիկ լինելով այդքան մարդամոտ, ջերմ շփվում են իրար հետ հեռվից։


Հուսով եմ այս վիճակը երկար չի տևի, և շատ մարդիկ կկարողանան ճամփորդել դեպի իրենց սիրած երկներ ու քաղաքներ: Իսկ ես Իտալիայում կլինեմ իմ մասնագիտության հետքերով…
Չեմ ուզում ընկճված տեսնել Իտալիան, իրեն դա չի սազում։

No Comments Աշխարհի շուրջ

Սորենտոյից Կապրի․ Weekends.am-ի ճամփորդության մանրամասները

Weekends.am-ը Իտալիայում լինելու ժամանակ չէր կարող բաց թողել weekend-ը  Կապրիում /Տիրենյան ծով/, անցկացնելու հնարավորությունը։

Սորենտոյից նավով ուղևորվեցինք այնտեղ՝  այս զարմանահրաշ լազուր կղզին տեսնելու և զգալու։ Կղզին անչափ գեղեցիկ է, զգացվում է հին իտալական շունչը, այստեղ նախկինում հաճախ էին գալիս գրողներ  հանգստանալու, այստեղ անգամ 1906-1913-ին ապրել է  Մաքսիմ Գորկին։

Այժմ այս կղզին հայտնիների սիրելի վայրն է, որը պետք է գնաս, տեսնես և զգաս, բայց ինչևէ, փորձենք ներկայացնել մեր տպավորությունները, մինչ դուք էլ գնաք և վայելեք այս հրաշքը։ Եթե կարճ ժամանակով եք գնալու Կապրի, օրինակ մեկ օր, ավելի լավ է գնաք առավոտյան, թե չէ կեսօրին  արդեն շատ մարդաշատ է։

 Մենք Սորենետոյից նավով եկանք  Կապրի կղզի, ապա այնտեղից մինի ավտոբուսով զբոսավարի ուղեկցությամբ գնացինք  Անակապրի /քաղաք Իտալիայում, Կապրի կղզում/, որտեղից էլ ճոպանուղով իջանք  Կապրի քաղաք։

 

Կապրին տուրիստական վայր է, այստեղ ամեն քայլափոխի  դիզայներական խանութներ են, հուշանվերների բուտիկներ և իհարկե, շքեղ ռեստորան-սրճարաններ։

 

Ռեստորանների պատերին փակցված հաճախ կարող էինք տեսնել աստղերի լուսանկարներ, որոնք եղել էին այդտեղ։

Եվ իհարկե, նավով շրջագայություն կղզում․․․և անմոռանալի տպավորությունները ապահովված էին․․․

Կապրիի գեղեցկությունը փորձել ենք ներկայացնել լուսանկարներում, թե ինչքանով է հաջողվել, որոշեք ինքներդ՝ նայելով այս երկնագույն ֆոտոշարքը ․․․

Իսկ մենք ավարտեցինք մեր ճանապարհորդությունը Իտալիա՝ Սորենտո, Կապրի կղզի,  վայր, որը մեկ բառով կարող եք բնութագրել տաք և բուրող ցիտրուսի բույրով։

 

« 1 of 6 »

 

 

 

 

 

No Comments Ճամփորդական օրագիր
error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին